ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Խմբերգային արվեստը ճաշակ է ձևավորում, մաքրում ու ազնվացնում հոգին»

«Խմբերգային արվեստը ճաշակ է ձևավորում, մաքրում ու ազնվացնում  հոգին»
19.12.2008 | 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ 70 ՏԱՐԵԿԱՆ Է
Ասում են` բազմաձայնությունը հզոր ազդակներ և ուժ ունի։ Երգչախմբային արվեստը հնարավորություն է տալիս միասին արարելու։ Այն գեղեցիկ, յուրատեսակ ու գրեթե երկնայինին մոտ արվեստ է։ Պատահական չէ, որ հոգևոր երաժշտության մեջ առաջնայինը մարդկային ձայնն է, հիմնականում` խմբերգային արվեստը։ Իսկ հոգևոր երաժշտությունը կերտում է հոգին։ «Մեր ամբողջ գիտակցությունը ազգային ու կրոնական հոգևոր երաժշտության մեջ է։ Եթե մոտ ես այդ արվեստին, ավելի մարդկային ես դառնում, ավելի քրիստոնյա»,- ասում է Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, հանրապետության ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆԸ։ Նրա ղեկավարությամբ երգչախումբը ստեղծել է բազմազան, հարուստ երգացանկ` կատարելով համաշխարհային երաժշտական գանձարանի նշանավոր գործերը։ Հանդես է եկել աշխարհի 178 քաղաքներում` 4 հազարից ավելի համերգներով։ Այսօր Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը 70 տարեկան է։
-Ցածրարժեք, անճաշակ երաժշտությունն այսօր ամեն քայլափոխի ներխուժում է մեր կյանքը։ Ինչո՞ւ, ո՞րն է դրա հիմքը։
-Բոլորը չէ, որ դասական երաժշտություն են լսում, այդ հոգով մեծանում։ Մեծ մասամբ մատաղ սերունդը մեծանում է ռաբիս` խառնածին երաժշտություն լսելով, և նրա համար հայկական երաժշտությունը հենց դա է։ Այդ պարագայում ճաշակ մի սպասեք։ Անճաշակությունը գալիս է դաստիարակությունից, և այդտեղ դեր ունի ոչ միայն ընտանիքը, այլև միջավայրը, հատկապես հեռուստատեսությունը։
-Խմբերգային արվեստն այսօր կարո՞ղ է կռիվ տալ «ռաբիսի» դեմ։
-Խմբերգային արվեստը ճաշակ է ձևավորում, մաքրում ու ազնվացնում հոգին։ Բոլոր հայերը մեներգիչներ են, խմբակային գործունեությամբ չեն փայլում։ Բայց երգչախմբի առկայությունը հակառակն է ապացուցում, որ կարող ենք համախմբված հանդես գալ ու հաջողությունների հասնել։ Երգչախմբիս արտիստներն ամեն օր տեսնում են իմ քրտինքը, ամեն օր ջանում են ավելի լավ լսել կողքինին, իրենց ձայնը հարմարեցնել կողքինի ձայնին։ Եվ դա դրսևորվում է ոչ միայն երաժշտության մեջ, այլև կյանքում, մարդկանց հետ հարաբերություններում։
-Մաեստրո, գուցե այսօրվա երիտասարդը նոր բա՞ն է ուզում լսել։ Ժամանակը, այնուամենայնիվ, հզոր գործոն է և թելադրում է իրենը։
-Երիտասարդը կարող է լսել ամեն ինչ, բայց չպետք է մոռանա իր արմատները, իր ինքնությունը։ Ասենք, երբ վրացիները հավաքվում են մի սեղանի շուրջ ու երգում են ¥ինչը մենք չունենք¤, իրենց երաժշտությունը ոչ մի ուրիշ ազգի երաժշտության հետ չես շփոթի։ Նույնը և արաբականը, ռուսականը, հունականը։ Մերը խառնվել է արաբականին, քրդականին։ Ես հարգում եմ բոլոր ժողովուրդների երգերը, բայց չպետք է ջնջենք մեր երաժշտության արմատները, աղավաղենք Կոմիտասի ստեղծածը։ Կոմիտասը հավաքել, զուտ հայկական «ծաղիկներից» կազմել է փունջ։ Մենք մոլեռանդ պաշտպանը պիտի լինենք մեր մշակույթի և ոչ միայն երաժշտության մեջ։ Պարարվեստը վերցնենք կամ գիրն ու գրականությունը։ Ի՞նչ շարժումներով են պարում, ի՞նչ լեզվով են խոսում։ Ինչքան ենք հեռացել մաքուր հայերենից։ Ժարգոնով խոսող երիտասարդները մաքուր հայերենով խոսող իրենց տարեկիցներին հետամնաց են համարում։ Ի վերջո, պետք է վերականգնվի գենետիկական գիտակցությունը` ո՞րն է մերը` հայկականը, ո՞րն է աղավաղումը։ Մեր երգչախումբը երգում է 27 լեզուներով, բայց երբեք չենք մոռանում Կոմիտասին, Եկմալյանին...
-Նորացնո՞ւմ եք ձեր երգացանկը։
-Մեր աշխատանքում միշտ նորություն կա, զուգահեռ պահպանվում են հին արժեքները։
-Ինչպիսի՞ն է ձեր հանդիսատեսն այսօր։
-Ամբողջ աշխարհում քչացել է դասական արվեստով հետաքրքրվողների թիվը, այնուամենայնիվ, կան դասական արվեստը գնահատողներ, կան երիտասարդ կադրեր, որոնք միջազգային մրցույթներում մշտապես բարձր գնահատանքի են արժանանում։
-Ո՞րն է Ձեր ամենամեծ ձեռքբերումը։
-Երբ աշխարհի նշանավոր բեմերում ներկայացնում ենք հայկական երաժշտությունը` մեր ազգի, մեր խոսքի, մեր երկրի մարմնավորումը։ Դա իմ ամբողջ էությունն է։
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3952

Մեկնաբանություններ